Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը շարունակում է Դիլիջանի երաժշտասեր հանրության համար (և ոչ միայն) կազմակերպել երաժշտական տոներ: «Երգի փառատոն-2015» մեգանախագծի շրջանակներում սեպտեմբերի 25-ին և 26-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան դահլիճում կկայանան հերթական համերգները:
Առաջին համերգային օրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն ստեղծագործություններ, որոնք «ներկված» են ժողովրդական «գույներով»՝ գրված հայ կոմպոզիտորների կողմից: Դե իսկ հաջորդ համերգն էլ կլինի էստրադային երգերի բույլ՝ համեմված ինչպես ժամանակակից, այնպես էլ այս ասպարեզում արդեն «դասական» դարձած երգերով: Երկրորդ համերգի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, իսկ բեմում կլինի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը:
Հատկանշական է, որ Կոմպոզիտորների միությունը նախագծի այս երկու համերգները համապատասխանաբար նվիրել է անվանի հայ կոմպոզիտորներ Էդգար Հովհաննիսյանի (85-ամյակ) և Ալեքսանդր Աճեմյանի (90-ամյակ) հոբելյաններին:
Հիշեցնենք, որ նախագծի առաջին հատվածը նվիրված էր բարդ երաժշտությանը: Հեղինակային երգի վարպետները նախ Սևանում, ապա Դիլիջանում ներկայացան իրենց երգերով: